Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ սառը հանդիպումից մեկ օր անց ՌԴ նախագահ Պուտինը Սոչիի նստավայրում ընդունեց հյուրի, որին ավելի ուրախ էր տեսնել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանից Պուտինը քննադատություններ չի լսի՝ գրում է Die Welt գերմանական պարբերականը: Պուտինն էլ իր հերթին չի քննադատի Թուրքիայում իրավական պետության ոչնչացումը: ՌԴ նախագահը հանդիպման հենց սկզբում շնորհավորել է թուրք գործընկերոջը սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի արդյունքների կապակցությամբ: Երկու ավտոկրատ պետությունների հակամարտությունը, որը ծագել էր թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո 2015-ին, լուծվեց նույնքան արագ, որքան առաջացել էր: Թուրքիայում 2016-ի ամռանը պետական հեղաշրջման փորձը, դրան հետևած Էրդողանի կոշտ արձագանքը մտերմացրեց նախագահներին:
Ավտորիտար կուրսը, որը վերցրել է թուրք նախագահը, բխում է նրա ռուս գործընկերոջ շահերից, որի «սուվերեն ժողովրդավարության» մոդելը նախատեսում է ժողովրդավարական ինստիտուտների ձևական պահպանում: Որքան ուժեղանում է քննադատությունը Թուրքիայի հանդեպ Եվրամիության կողմից, այնքան նա ավելի սրտաբաց ընդունելության է արժանանում Ռուսաստանում:
Միևնույն ժամանակ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը շատ հարցերում չեն համընկնում: Դա ակնհայտ դարձավ սիրիական թեման քննարկելիս: Թուրքիան պաշտպանում է սիրիական ընդդիմությանը, Ռուսաստանը շարունակում է աջակցել բռնապետ Ասադին: Մոսկվան և Անկարան տարբեր շահեր են հետապնդում նաև Սիրիայի հյուսիսում: Սոչիում Էրդողանը մատնանշեց, որ քուրդ մարտիկները նույն շարքում են գտնվում ահաբեկչական կազմակերպությունների հետ: Իսկ Ռուսաստանը վերջին ժամանակներս զարգացնում է հարաբերությունները սիրիացի քրդերի հետ: